Հայաստանի միջնադարյան Սանահին վանքը կվերականգնվի միջազգային մրցույթի շրջանակներում

30.09.2011, 18:45
Հայաստանի միջնադարյան Սանահին վանքը կվերականգնվի միջազգային մրցույթի շրջանակներում
Հայաստանի միջնադարյան Սանահին վանքը կվերականգնվի միջազգային մրցույթի շրջանակներում

Հայաստանում առաջին անգամ միջնադարյան Սանահին վանքի վերականգնման միջազգային մրցույթ կհայտարարվի, ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Սանահին վանքի՝ 90 մլն դրամի (շուրջ 245,6 հազար դոլար) վերականգնման ծրագիրը մեկնարկում է 2012թ.-ին: Հաշվի առնելով, որ 1999թ.-ից վանքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, դրա հետ կապված բոլոր հարցերը հատուկ մոտեցում են պահանջում, մասնավորապես` հուշարձանի վերականգնման կամ վերակառուցման ցանկացած միջամտության համար անհրաժեշտ է միջազգային փորձաքննություն անցկացնել:

Նա տեղեկացրեց, որ մրցույթը կհայտարարվի մինչև հոկտեմբերի վերջ:

«Կիրակի Վենետիկից Հայաստան կժամանեն ռեստավրատորներ, ովքեր հինգ օրվա ընթացքում պետպատվերի համակարգով հատուկ սարքի օգնությամբ լազերային չափումներ կանցկացնեն, որոնք իրենց հետ կբերեն Իտալիայից», -ուրբաթ լրագրողներին ասաց Սամուելյանը:
Նա նշեց, որ երկու ամսում իտալացի փորձագետները Հայաստանին կփոխանցեն ողջ վանքի եռաչափ գծագիրը:

Սամուելյանը նաև տեղեկացրեց, որ բարձր տեխնոլոգիաների Բեռլինի ինստիտուտի մասնագետները, ովքեր 3D-scan լազերային տեխնոլոգիայի միջոցով վանքի ճեղքերի չափումներ են անցկացրել, ևս մեկ անալիզ կանցկացնեն, որպեսզի համոզվեն պատերի ամրության հարցում:
Ըստ նրա, այսօրվա դրությամբ արդեն պատրաստ է նախագծի տեխնիկական հիմնավորումը, իսկ տվյալ պահին այդ տարածքում համապատասխան երկրաբանական  հետազոտություններ են անցկացվում:

Փոխնախարարը նշեց, որ այս տարվա բյուջեի շրջանակներում նաև նախատեսված են երկու եկեղեցիների և վանքի դահլիճի վերականգնման ուղղությամբ նախագծերը:

Սանահինի վանքը հիմնադրվել է 10-րդ դարի առաջին կեսին: Պարսպի մեջ առնված հիմնական խումբը բաղկացած է 3 եկեղեցիներից` գրատուն-մատենադարանից, գավթից (1181 թ.), նախագավթից (1211 թ), հոգևոր դպրոցի գրատան սրահներից և դամբարաններից: Համալիրի ամենահին շինությունը Սբ Աստվածածին եկեղեցին կառուցված է Աբաս Ա Բագրատունի թագավորի կողմից (928-953 թթ.): Հաջորդը Ամենափրկիչ եկեղեցին է` կառուցված Խոսրովանուշ թագուհու կողմից 966 թ., որն իր իշխող դիրքով և տեսքով հետագայում դարձավ մայր եկեղեցի` Կաթողիկե:
Սուրբ Աստվածածին եկեղեցուց 12մ արևելք Սուրբ Գրիգոր եկեղեցին է: Հուշարձանախմբում քաղաքացիական ճարտարապետության զարդերից մեկն է Գրատուն-մատենադարանը` կառուցված 1063 թվականին, շինարարական արձանագրության մեջ հիշվում է նշխարատուն անունով: Այստեղ պահվել են ոչ միայն գրքեր ու ձեռագրեր, այլև վանքի արժեքավոր իրերը, նշխարներ և մասունքներ: Այս գրատունը հայոց գրատների մեջ ամենահինն է և ամենամեծը:

Վանական համալիրը ներառում է նաև Սբ Հարություն եկեղեցին (13-րդ դ.), Զանգակատունը (13-րդ դ.), Զաքարյանների դամբարանը (12-13-րդ դդ.), Աղբյուրը (1831 թ.), Գր. Տուտեորդու մահարձանը (1184 թ.):

Վանքում գործել է հոգևոր դպրոց, որն ավանդաբար կոչվում է Մագիստրոսի ճեմարան: Այստեղ դասավանդել են մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ Դիոսկորոս կաթողիկոսը, Անանիա, Հակոբ և Հովհաննես Սանահնեցիները, Գրիգոր Տուտեորդին և մեծ փիլիսոփա ու աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: