Ուղղակի ծաղրածու ես․ Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի կոշտ քննադատություններին
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի՝ օրեր առաջ հնչեցրած ծաղրական խոսքերին, գրում է armsport–ը։
Ավելի վաղ Թոփուրիան խիստ քննադատել էր Ծառուկյանին՝ հունվարին Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից հրաժարվելու համար։ «Մեզնից յուրաքանչյուրը՝ մարտիկներս, առնչվել ենք մեջքի ցավերի հետ, բայց միևնույն է՝ դուրս ենք եկել մենամարտելու։ Իսկ նա չգիտես ինչու՝ ոչ։ Նա գիտի, թե մենք ինչի մասին էինք խոսում այն ժամանակ։ Այդ որոշումն ընդունելուց հետո նա ստիպված էր փոխել շորտերը։ Նա չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ուներ, բայց հրաժարվեց մենամարտից», – ասել էր Թոփուրիան։
Ծառուկյանն արձագանքել է նրան։
«Դու ասում ես, որ քեզ դադար է պետք մենամարտերից՝ ընտանեկան խնդիրները լուծելու համար։ Բայց ես տեսնում եմ, որ դու շատ ազատ ժամանակ ունես այս բոլոր հարցազրույցները տալու համար։ Դու ուղղակի ծաղրածու ես», — գրել է Արմանը սոցիալական ցանցի իր էջում։
Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ և տոնել 23 հաղթանակ։ Թոփուրիան ունի 17 հաղթանակ՝ անցկացրած 17 մենամարտերում։

