ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին։ Մրցաշարն անցկացվեց մեկ օրվա ընթացքում շվեյցարական մրցակարգով, իսկ մրցումները սպասարկում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փորձառու մրցավարները:
Հանձնաժողովի որոշմամբ ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթող ճանաչվեց 3 մասնակից։ Առաջին տեղը գրավեց «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը։ Երկրորդ մրցանակը շնորհվեց «02ե թերթի խմբագիր Արա Մովսիսյանին, իսկ երրորդ մրցանակին արժանացավ «Գոլոս Արմենիի»-ի քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանը։
Մրցանակաբաշխության արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին և մրցանակներ հանձնեցին Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և եռակի Օլիմպիական չեմպիոն, շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
«Շնորհավորում եմ հաղթողներին և շնորհակալություն հայտնում մասնակցության համար։ Շախմատը փիլիսոփայական և թագավորական խաղ է, իսկ Հայաստանը շախմատային երկիր, որը միջազգային հանրությանը հայտնի է իր աշխարհի չեմպիոններով։ Տեսնելով լրագրողների հետաքրքրվածությունը՝ նախաձեռնությունը կարելի է համարել հաջողված։ Վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կօգնեն մարդկանց փոխել կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Շնորհակալություն հայտնելով Beeline-ին և անձամբ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, միջոցառումը հովանավորելու համար, հույս եմ հայտնում, որ այս լրագրողական շախմատային մրցաշարը կլինի ավանդական և կանցկացվի ամեն տարի: Մրցաշարը ուղղված է լրագրողների առողջ ապրելակերպի քարոզմանը և շախմատ սպորտաձևի էլ ավելի զարգացմանը հանրապետությունում»,– նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Մրցանակների արժանացան նաև 5 մասնակից ըստ հետևյալ անվանակարգերի՝ ամենաերիտասարդ, ամենափորձառու, ամենաարագ հաղթանակ, ամենագեղեցիկ պարտիա և կամքի ուժ դրսևորելու համար:
Հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երևանի շախմատի տանը մեկնարկել էր առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև, որն իրականցվում էր Beeline–ի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչն էր հանդիսանում Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 20 լրատվամիջոցի ներկայացուցիչներ։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006թ.–ի նոյեմբերի 3–ին ներառվել է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0-