ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) Եվրոպայի լիգայում Մոսկվայի «Դինամո» ակումբի փոխարինման հարցում կգործի ըստ կանոնակարգի և իր որոշումը կհրապարակի մինչև հուլիսի 17–ը, հեռախոսով «Р-Спорт» գործակալությանն են տեղեկացրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունից։
Ուրբաթ հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ–ն «Դինամո» ակումբին մեկ սեզոնով զրկել է Եվրոպական գավաթների մասնակցությունից ֆինանսական fair play–ը խախտելու պատճառով։ Մոսկվայի ակումբը բաց կթողնի Եվրոպայի 2015/16 լիգան։ Ըստ կանոնակարգի` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության արդյունքում չորրորդ տեղը զբաղեցրած «Դինամո» ակումբին Եվրոպայի լիգայում պետք է փոխարինի 5–րդ տեղը զբաղեցրած «Ռուբին» ակումբը։
«ՈւԵՖԱ–ն այս իրավիճակում կգործի կանոնակարգին համաձայն։ Մինչև հուլիսի 17–ը որոշում կընդունվի այն մասին, թե որ ակումբը կներկայացնի Ռուսաստանը։ Որակավորման առաջին փուլերի մասնակից թիմերի ցանկը կհրապարակվի երկուշաբթի։ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին երկու փուլերում ռուսական ակումբներ չկան։ ՌԴ–ից կմասնակցի երկու ակումբ որակավորման երրորդ փուլում», – հայտարարել են ՈւԵՖԱ–ից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ ՈւԵՖԱ–ի կանոնակարգի 2,14–րդ կետի, որը վերաբերում է Եվրոպայի լիգային, եթե ակումբը, որը զրկվել է մրցումներին մասնակցելուց, ազգային գավաթակիր չէ, ապա այդ ակումբին փոխարինում է ազգային առաջնության բարձրագույն լիգայի մրցաշարային աղյուսակում հաջորդ տեղը զբաղեցնող ակումբը։ Ռուսաստանի ֆուտբոլի 2014/15թ.–ի առաջնության մրցաշարային աղյուսակի 5–րդ տեղը զբաղեցրել է Կազանի «Ռուբին» ակումբը, որը Ռուսաստանի ֆուտբոլի միության արտոնագրման արդյունքում ստացել է ՈւԵՖԱ–ի 2015/16 սեզոնի արտոնագիր։ –0–