ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմկոմիտեի անդամների մասնակցությամբ, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Մամուլի հաղորդագրության համաձայն, քննարկվել են օգոստոսի 2-ին մեկնարկող Համահայկական խաղերի նախապատրաստման կազմակերպչական աշխատանքների ընթացքը և մինչև խաղերի բացումն իրականացվելիք աշխատանքները:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահ) Իշխան Զաքարյանը զեկուցել է, որ խաղերի հանդիսավոր բացումը կատարվելու է Հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 13-ին, Թատերական հրապարակում:
«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո խաղերը անցկացվելու են Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում:
Համահայկական խաղերին, ըստ կանոնադրության, մասնակցում են քաղաքների հավաքական թիմերը:
Կազմկոմիտեի նախագահը ներկայացրել է խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը, այդ մարզաձևերից յուրաքանչյուրի մասով մինչ այժմ ստացված հայտերը, նաև հայտ ներկայացրած քաղաքների և մասնակիցների թիվը, որոնք կամփոփվեն հայտերի ընդունման վերջնաժամկետից՝ հուլիսի 15-ից հետո:
Խաղերի մասնակիցները պարգևների համար կպայքարեն 17 մարզաձևերում (յոթով ավելի, քան նախորդ խաղերում), այդ թվում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆութզալ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, թեթև աթլետիկա։ Մայիսի սկզբի տվյալներով, խաղերի մասնակցության հայտեր են ներկայացրել ավելի քան 2.6 հազար սիրողական մարզիկներ Հայաստանից և Սփյուռքից։
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են նաև Համահայկական խաղերի տարեգրությունը՝ սկսած 1999 թվականից, մարզակառույցների վիճակը, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների մասով ծրագրված աշխատանքները:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը և տվել համապատասխան հանձնարարականներ՝ շեշտելով, որ Համահայկական 6-րդ խաղերն անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և պահանջում են բոլոր պետական մարմիններից ու միջոցառման պատասխանատուներից առավելագույն ջանքեր՝ այն պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
Համահայկական առաջին խաղերն անցկացվել են Հայաստանում 1999թ.-ին, երկրորդ խաղերը՝ 2001թ.-ին, երրորդ խաղերը՝ 2003թ.-ին, չորրորդ խաղերը՝ 2007թ.-ին: Առաջին խաղերին մասնակցել են 23 երկրի 64 քաղաքից ժամանած մարզիկներ, իսկ 2007թ.-ին անցկացված չորրորդ խաղերին Հայաստան են այցելել աշխարհի 27 երկրի 94 քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները:
Համահայկական առաջին ձմեռային խաղերն անցկացվել են Ծաղկաձորում 2014 թվականի փետրվարի 24–ից մինչև մարտի 2–ը։ Խաղերին մասնակցել են մոտ 400 մարզիկներ աշխարհի 11 երկրների 22 քաղաքներից։ Խաղարկվել են մեդալների 13 կոմպլեկտներ դահուկային մարզաձևում, լեռնադահուկներում, սնոուբորդում և հոկեյի Գավաթ։ -0-