ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) խնդրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի ընտրության օրը տեղափոխել, Ռոյթեր գործակալությունը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյի խոսքը։
«Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը կարծում է, որ ՖԻՖԱ–ի կոնգրեսն ու նախագահի ընտրությունները պետք է հետաձգվեն և անցկացվեն վեց ամսվա ընթացքում», – հայտարարեց Ինֆանտինոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՖԻՖԱ–ի ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Յոզեֆ Բլատերը, որը պետք է ընտրվի 5–րդ ժամկետով, և Հորդանանի արքայազն Ալի բին Ալ–Հուսեյնը, հօգուտ որի ավելի վաղ հանեցին իրենց թեկնածությունները «Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն և Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլի միության (KNVB) ղեկավար Միքայել վան Պրագը։
Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Ցյուրիխում ՖԻՖԱ–ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների են ձերբակալել և կոռուպցիայի մեղադրանք ներկայացրել նրանց։ Մեղադրող կողմը կարծում է, որ վերջին տասնամյակների ընթացքում ՖԻՖԱ–ում կոռուպցիոն գործարքներ են կատարվել` աշխարհի առաջնության հայտերի, մարքեթինգի և հեռարձակման հետ կապված։ Մեղադրանք է ներկայացվել նաև խարդախության, խոշոր դրամաշորթության և փողերի լվացման համար։ --0—