ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղեկացվել է, որ կզրկվի պարգևավճարից գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար, ասել է ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն։
Օզբիլիսը ձախ ծնկի պատռվածք է ստացել նախորդ տարվա մայիսի վերջին` հանդես գալով Հայաստանի հավաքականում Ալժիրի թիմի հետ խաղում, հաղորդում է Р-Спорт–ը։
Հունիսի սկզբին ֆուտբոլիստն առաջին անգամ վիրահատվեց, իսկ սեպտեմբերի կեսին տեղի ունեցավ երկրորդ պլանային վիրահատությունը։ Երեքշաբթի ԶԼՄ–ներում հայտնվել է Օզբիլիսի հարցազրույցը, որում կիսապաշտպանը հայտնել է, որ պատրաստ է խաղալու, բայց գլխավոր մարզիչն իրեն երկրորդ թիմ է ուղարկել։
«Այսօր առավոտյան ես հանդիպում և բավականին կոշտ զրույց եմ ունեցել «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ։ Արազը խախտել է պայմանագրային պարտավորությունները և տեղեկացվել է, որ կզրկվի շատ շոշափելի պարգևավճարից ակումբի հետ նրա գործող պայմանագրի համաձայն։ Օզբիլիսն իր հերթին խոստովանել է իր սխալը, և դա ավելի շուտ էմոցիոնալ քայլ էր, որի համար նա պատրաստ է պատիժ կրել։ Նա հայտնել է նաև, որ իր բառերը խեղաթյուրվել են»,– Ասխաբաձեի խոսքն է մեբջերում «Սպարտակի» մամուլի ծառայությունը։
«Ցանկացած իրավիճակում խաղացողը պետք է, նախևառաջ, պրոֆեսիոնալ մնա և հստակ պահպանի ակումբային քաղաքականության և պայմանագրի պայմանների բոլոր կողմերը։ Տվյալ իրավիճակի հետ կապված հետագա քայլերը կքննարկենք թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ և համատեղ որոշում կընդունենք։ Իսկ լրագրողներին և ԶԼՄ–ներին, որոնք փորձում են շահարկել այս թեման հօգուտ սեփական շահի, պարզապես խղճում եմ»,– ասել է Ասխաբաձեն։ -0-