ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոստովանել է, որ սխալվել է հավաքականի մարզչի ընտրության հարցում։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը մարտի 30-ին հրաժարական տվեց Եվրոպայի առաջնության ընտրական խաղում ալբանացիներից կրած պարտությունից հետո։ Հայկական թիմը ընտրական խմբում զբաղեցնում է վերջին տեղը չորս հանդիպումից հետո։
«Մեր հավաքականն անհաջող ելույթ ունեցավ այս փուլում, և ես խոստովանում եմ, որ սխալվել եմ մարզչի ընտրության հարցում։ Սակայն չեմ ցանկանում ամբողջ մեղքը մարզչի վրա բարդել»,- ասաց Հայրապետյանը շաբաթ օրը ՀՖՖ 13-րդ տարեկան ժողովում։
Նրա խոսքերով` Հայաստանի ազգային հավաքականն այսօր ունի խնդիրներ, որոնք ինքն այժմ չի ցանկանում հնչեցնել։ «Ընդհանուր առմամբ այս փուլում մեր հավաքականի պատրաստվածությունը գնահատում եմ անբավարար», - ընդգծեց նա։
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական խմբում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը, առաջատարը պորտուգալացիներն են` 9 միավորով։ Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են դանիացիներն ու ալբանացիները` 7-ական միավորով։ Սերբիայի և Հայաստանի հավաքականները մեկական միավոր ունեն։ Բոլոր թիմերը 4-ական հանդիպում են անցկացրել։--0--