ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն գերմանահայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի միջև մենամարտը կկայանա հուլիսի 18–ին Գերմանիայում, հայտնում է գերմանական Bild–ը։
Մենամարտի անցկացման կոնկրետ վայրը դեռ չի որոշվել, մարտը կարող է կայանալ Հալեում, Մյունխենում, Շտուտգարտում կամ Լայպցիգում։
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյանը) ծագումով Հայաստանից է, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Դարձել է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն` 2012 թվականի օգոստոսին չեմպիոնական գոտին «խլելով» Ռոբերտ Շտիգլիցից։ 2013 թվականի մարտի 23–ին «Արթուր թագավորը» չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը նույն Շտիգլիցի հետ մենամարտում։ Երկրորդ ռաունդում նա վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջովին փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոքաութով հաղթանակը շնորհելով ծագումով ռուս գերմանացի մարզիկին։
Սակայն 2014 թվականի մարտին Աբրահամը վերադարձրեց իրեն չեմպիոնի գոտին` հաղթելով Շտիգլիցին ռևանշ–խաղում, իսկ այնուհետև պաշտպանեց այն չեռնոգորցի Նիկոլա Սիեկլոչայի և Փոլ Սմիթի հետ մենամարտերում։
Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009 թվականներին։ Շատ անգամներ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։ -0-