ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոմա» ակումբի լեգենդար պաշտպան, Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի 1994 թ.–ի աշխարհի չեմպիոն Ալդաիրը կարծում է, որ Բրազիլիայի հավաքականը կկարողանա հաղթել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018 թ.–ի առաջնությանը։
«Աշխարհի նախորդ առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականի պարտությունը ողբերգություն էր ողջ բրազիլացի ժողովրդի համար, սակայն այդ ձախողումը չի արտացոլում բրազիլական թիմի ողջ ուժը», – ասաց Ալդաիրը, ով ժամանել է Երևան` հայտնի հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված հոբելյանական խաղին մասնակցելու համար։
Նրա կարծիքով` Բրազիլիայի հավաքականին կհաջողվի ռևանշի հասնել Ռուսաստանում նախատեսված աշխարհի առաջնության ժամանակ։
Աշխարհի և ԽՍՀՄ–ի հավաքականների վետերան աստղերի միջև ընկերական հանդիպումը տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28–ին։ Այն նվիրված է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին։
Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենախարիզմատիկ ներկայացուցիչներից է։ Խաղացել է Երևանի «Արարատում» 1975-1985 թվականներին։ Աչքի է ընկել որպես խաղի հիանալի կազմակերպիչ, ով ունի զարմանալի տեխնիկա և առաջնորդի որակներ։ Գ. Ֆեդոտովի ակումբի անդամ է։ 35 խաղ է անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, 7 գնդակ է խփել։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է։ 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն։ 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր։ 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` դառնալով Բելգիայի դարպաս ուղարկած գեղեցիկ գոլի հեղինակ։ -0-