ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ 2015 թվականի օգոստոսի 2-ից 13-ն անցկացվելիք խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երևանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երևանի Ազատության հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով: Համահայկական 6-րդ խաղերին ընդգրկվել է 17 մարզաձև՝ նախորդ խաղերի համեմատ 7-ով ավելի: Խաղերն անցկացվելու են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում և Աբովյանում:
Ներկա դրությամբ արտերկրից խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 հազար 691 մարզիկ-մարզուհի: Ակնկալվում է, որ միայն արտերկրից մարզիկների թիվը կհասնի 5 հազարի:
Նիստի ընթացքում խաղերի կազմակերպման վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Վարչապետ Աբրահամյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Համահայկական 5-րդ խաղերն անցկացվել են Երևանում «Միասնություն սպորտով» նշանաբանի ներքո և տևել մինչև օգոստոսի 21-ը: Խաղերի խորհրդանիշն էր ընտրվել հայկական արծիվը: Խաղարկված 50 կոմպլեկտ մեդալներից ամենաշատ մեդալներ էին նվաճել երևանցի մարզիկները՝ 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Համահայկական խաղերն անցկացվում են տասը մարզաձևերով՝ թիմային (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ), անհատական (թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, ատլետիկա): Մրցումներին հիմնականում մասնակցել են սիրողական սպորտով զբաղվող մարզիկները:
Համահայկական առաջին խաղերն անցկացվել են Հայաստանում 1999թ.-ին, երկրորդ խաղերը՝ 2001թ.-ին, երրորդ խաղերը՝ 2003թ.-ին, չորրորդ խաղերը՝ 2007թ.-ին: Առաջին խաղերին մասնակցել են 23 երկրի 64 քաղաքից ժամանած մարզիկներ, իսկ 2007թ.-ին անցկացված չորրորդ խաղերին Հայաստան են այցելել աշխարհի 27 երկրի 94 քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները:-0-