ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունում է հայ մարզիկների` Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին մասնակցելու որոշումը։ Այս մասին Ուորլիքը գրել է Twitter–ի իր էջում։
Մարտի 10–ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստի արդյունքում որոշում է ընդունվել, որ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին։
«Լավ լուր է, որ հայ մարզիկները որոշել են մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին։ Հուսով եմ, որ Ադրբեջանը կողջունի այս որոշումը», – գրել է Ուորլիքը։
Հայաստանի ԱՕԿ–ի գործկոմի` Բաքվում կայանալիք Եվրոպական ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին որոշմանը հավանություն է տվել նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Նա նշել է, որ ազգային ֆեդերացիաները պետք է շարունակեն խաղերին մարզիկների պատրաստմանն ուղղված աշխատանքը։
Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում անցկացվելու են չորս տարին մեկ անգամ, կանցկացվեն Բաքվում հունվարի 12–28–ը։ 20 մարզաձևում անցկացվող մրցումների ընթացքում կխաղարկվի մեդալների 253 կոմպլեկտ մեդալ։ Սպասվում է, որ մրցումներին կմասնակցի ավելի քան 6 հազար մարզիկ մայրցամաքի բոլոր երկրներից։–0