ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախնական վիճակահանության անցկացման արարողությունը կցուցադրեն ավելի քան 80 հեռարձակողներ ամբողջ աշխարհում, իսկ խմբերում մասնակից թիմերի բաշխման ականատեսներ կդառնան 1800 հյուրեր, «Ռ–Սպորտ» գործակալությանը հայտնել են կազմկոմիտեի մամուլի ծառայությունից։
Ուրբաթ Մոսկվայում կայացել է «Ռոսիա–2018» կազմկոմիտեի կառավարիչ խորհրդի վեցերորդ նիստը։ Այնտեղ հաստատվել է 2015 թվականի կազմկոմիտեի գործունեության ծրագիրը։ Հանդիպմանը կազմկոմիտեն նաև ամփոփել է 2014 թվականի արդյունքները և քննարկել է խաղից առաջ մարզումների հարթակների և թիմերի բազաների պատրաստումը, ինչպես նաև պաշտոնական առաջին միջոցառման` նախնական վիճակահանության անցկացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը կկայանա 2015 թվականի հուլիսի 25–ին Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում։ Այն կկանխորոշի ընտրական փուլի մասնակիցների ուղին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 31 ուղեգրի պայքարում։ Այն կանցկացվի 11 ռուսական քաղաքների 12 մարզադաշտերում։ Արարողության շրջանակում շոուին կմասնակցեն համաշխարհային և ազգային ֆուտբոլի տարբեր տարիների աստղեր, արվեստի գործիչներ, հանդիսավոր խոսքով հանդես կգան ՖԻՖԱ–ի ղեկավարներ և պետության առաջին դեմքեր։ Տվյալ միջոցառումների ուղիղ հեռարձակումը կշարունակվի երկու ժամից մի փոքր պակաս։
Ռուսաստանն աշխարհի առաջնության անցկացման իրավունք ստացավ 2010 թվականի դեկտեմբերին։ Պատմության մեջ առաջին աշխարհի առաջնությունը Ռուսաստանի տարածքում կանցնի 2018 թվականի հունիսի 14–ից հուլիսի 15–ը։ Մունդիալի խաղերը կանցկացվեն Մոսկվայում, Կալինինգրադում, Սանկտ–Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում և Եկատերինբուրգում։ -0-