Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա վեց շաբաթից
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ–ի մամուլի ծառայության հետ զրույցում հայտնել է, որ վեց շաբաթ է հարկավոր վերականգնվելու համար։
Մխիթարյանը շաբաթ օրը վնասվածք է ստացել Բեռլինի «Հերտա» ակումբի հետ խաղի ժամանակ, որն ավարտվել է դորտմունդցիների պարտությամբ։ Խաղն ավարտվել է 0։1 հաշվով։
«Առաջին խաղակեսի միջնամասում ցավեր զգացի և փոխարինում խնդրեցի: Բլաշիկովսկին արդեն պատրաստվում էր դուրս գալ փոխարինման, բայց այդ պահին մենք վտանգավոր պահ ստեղծեցինք մրցակցի դարպասի մոտ: Ես հարվածեցի գնդակին, որից հետո զգացի, որ ցավն ավելի ուժեղացավ, և այլևս չկարողացա շարունակել հանդիպումը», – ասել է Մխիթարյանը։
Նրա խոսքով` բուժզննումը ցույց տվեց, որ աջ ոտքի ազդրի մկանի կտրվածք կա։ «Բժիշկների կարծիքով ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Հուսով եմ, որ վերականգնումս արագ կընթանա և մոտ ապագայում կկարողանամ ամբողջովին ներդնել ուժերս ինչպես իմ ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի խաղերում», – նշեց Մխիթարյանը։–0–