ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հաշմանդամային սպորտի զանգվածային զարգացումն անհնար է առանց պետական աջակցության, հայտարարեց Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը։
«Այս տարի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան իր ուժերով կազմակերպել է լողի պարապմունքներ, սակայն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լողավազանի փակումից հետո դա անհնար դարձավ», – հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ռոստոմյանը։
Նրա խոսքերով` պետական աջակցություն չունեցող ֆեդերացիան չի կարող պարապմունքներ կազմակերպել բավարար քանակի մարզիկների համար, և այս դեպքում խոսք լինել չի կարող խոշոր մրցումների մասին։
Ֆեդերացիայի ծրագրերի համակարգող Վարդուհի Արամյանն իր հերթին նշեց, որ սկսած 2000 թ.–ից պարալիմպիկ խաղերի հայ մասնակիցների թիվը սահմանափակ է։ Նրա խոսքերով` հաշմանդամային սպորտի զարգացման համար հարկավոր է համակարգային մոտեցում, օրենսդրական փոփոխություններ և ուշադրություն։
«Այն, ինչ այսօր արվում է հաշմանդամային սպորտի ոլորտում, կարճատև բնույթ է կրում, իսկ պետական ֆինանսավորում հատկացվում է կոնկրետ միջոցառումների կազմակերպման, այլ ոչ թե սպորտի զարգացման համար», – ասաց Արամյանը։
Նա նաև նշեց, որ սահմանափակ կարողություններով մարդիկ պետք է իրավունք ունենան կրություն ստանալ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում։–0–