ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանն անհեթեթություն է համարում ՀՖՖ նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանի հավաքականում հանդես գալու համար ֆուտբոլիստը «Պորշե» է պահանջել։
««Պորշե» Հայաստանի հավաքականում խաղալու համա՞ր. անհեթեթություն է։ Ի՞նչ է` հիվա՞նդ եմ։ Ինձ համար անունս ավելի կարևոր է։ Հավաքականում լինել` միայն մաքուր սրտով։ Այդպես էլ գրեք»,– Մալոյանի խոսքն է մեջբերում «Արսենալի» թվիթերյան պաշտոնական էջը։
Ռուբեն Հայրապետյանը նախօրեին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Մալոյանին ութ անգամ հրավիրել է Հայաստանի հավաքական, սակայն նա չի համաձայնել և «Պորշե» ավտոմեքենա է պահանջել։
«Եթե ֆուտբոլիստը հայկական ազգանուն ունի, չի նշանակում, որ նա անպայման պետք է հրավիրվի հայկական հավաքական։ Մեր դռները բաց են միայն այն ֆուտբոլիստների համար, ովքեր ամբողջ սրտով ցանկանում են խաղալ հավաքականում, իսկ ով սկսում է հավաքականի հետ սակարկել, մենք նրանց, անշուշտ, չենք հրավիրի։ Ես ութ անգամ հրավիրել եմ Մալոյանին։ Նա «Պորշե» ավտոմեքենա պահանջեց, ես համաձայնեցի, սակայն նա այդպես էլ չեկավ»,– ասել էր Հայրապետյանը։