ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՈՒԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինին առաջարկել է ֆուտբոլում սպիտակ քարտեր ներմուծել և երկու հավելյալ փոփոխություն կատարել մրցախաղի ընդմիջումների ընթացքում, հայտնում է Ասոշեյթիդ Պրեսս գործակալությունը։
Պլատինին այս մասին գրել է իր Let's Talk Football («Եկեք խոսենք ֆուտբոլի մասին») գրքում, որը լույս է տեսել հինգշաբթի։ Ֆրանսիացին կարծում է, որ կարելի է սպիտակ քարտ ներմուծել, որը խաղացողին դաշտից կհեռացնի որոշակի ժամանակով, օրինակ` 10 րոպեով։ Ըստ նրա` երկու հավելյալ փոփոխություն կատարելն էլ «մեծ փոփոխություններ չի բերի խաղի ընթացքին»։
«Պետք է հաշվի առնել այն, որ որոշ թիմեր բավականին շատ պահեստայիններ ունեն»,– ավելացրել է Պլատինին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Երեք անգամ «Ոսկե գնդակի» արժանացած Պլատինին առաջարկում է վերացնել մրցավարների համար սահմանված տարիքային սահմանափակումը և նրանց նշանակումներն անել ըստ վարպետության և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի։-0-