Երևանի գոլֆի գավաթի խաղարկությունը կանցկացվի Երևանի «Արարատ վալլի քանթրի քլաբ»–ում
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի գոլֆի սիրողական բաց առաջնությունը կանցկացվի «Վահագնի» թաղամասից ոչ հեռու գտնվող «Արարատ վալլի քանթրի քլաբ»–ում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի գոլֆի ազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար և գլխավոր մարզիչ Կարեն Հովհաննիսյանը։
Ըստ նրա, միջոցառման նպատակն է Հայաստանում մասսայականացնել գոլֆն ու բացահայտել 2015 թվականին կայանալիք Ամառային 6–րդ համահայկական խաղերի պոտենցիալ մասնակիցներին։
Մեդալներ և հավաստագրեր կստանան կանանց և տղամարդկանց շրջանում երեքական մրցանակակիրներ։ Ոսկե մեդալակիրներին Երևանի գավաթը կհանձնեն քաղաքապետարանի ներկայացուցիչները։
«Միջոցառմանը կմասնակցեն գոլֆ ակումբի հայ և օտարազգի անդամները, Ֆրանսիայի դեսպանության, հայկական բանկերի աշխատակիցներ, ինչպես նաև «Հայջրմուղ» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, ով ակտիվ համագործակցում է Հայաստանում գոլֆի զարգացմանը։ Գլխավոր հյուրը ամերիկահայ խոշոր ձեռնարկատեր, Ասոցիացիայի և գոլֆ ակումբի նախագահ Վահագն Հովնանյանն է («Վահագնի» թաղամասի կառուցապատողը)»,– հայտնեց Հովհաննիսյանը։
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի գոլֆի ազգային ակադեմիան և Երևանի քաղաքապետարանը։ -0-