ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները ցնցված են այն բանից, թե ինչ տեղի ունեցավ Բրազիլիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ժամանակ, հայտարարել է հավաքականի պաշտպան Մաթս Հումելսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գերմանացիները երեքշաբթի Բելու Հորիզոնտեում 7:1 հաշվով ջախջախիչ պարտության են մատնել Բրազիլիայի հավաքականին և դուրս են եկել առաջնության եզրափակիչ:
«Մենք ցնցված էինք դաշտում տեղի ունեցածից», - «Ռոյթեր» գործակալությունը մեջբերում է Հումելսի խոսքերը: «Մենք պետք է հիշենք այդ պահը և վայելենք այն: Մենք ինչ-որ առանձնահատուկ բանի հասանք: Մտադիր ենք անել ամեն ինչ` մեր երազանքն ի կատար ածելու համար»:
Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը նշել է, որ թիմի նպատակն է հաղթել աշխարհի առաջնությանը:
«Ուրախ ենք, որ եզրափակիչ ենք դուրս եկել: Վերջին երկու առաջնություններում մենք պարտվել ենք կիսաեզրափակիչներում, այդ պատճառով մեր նպատակը եզրափակիչն էր: Անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը: Սա երկար մրցաշար էր՝ բազմաթիվ հանդիպումներով, և բարդ է դրանք բոլորն անցկացնել բարձր մակարդակով: Առաջնության ընթացքում մենք լավացնում էինք մեր խաղը, և այժմ մեր նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն է», - հայտարարել է Լամը:
Եզրափակչում գերմանացիների մրցակիցը կորոշվի Նիդեռլանդներ-Արգենտինա հանդիպման արդյունքում, որը տեղի կունենա չորեքշաբթի Սան Պաուլու քաղաքում: Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում:-0-