ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) թողարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնող լրագրողների համար նախատեսված հրահանգերի հուշաթերթիկ, որում նկարագրված են տարբեր ֆորս–մաժորային իրավիճակներ և դրանց առաջացման դեպքում վարքի միջոցներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին։
Լրագրողներին խորհուրդ են տալիս չդիմադրել կողոպուտի փորձերի ժամանակ և տալ ունեցվածքն առանց առարկելու, իսկ ավելի լավ է ընդհանրապես արժեքավոր իրեր չկրել, որոնք կարող են գրավել գողերի ուշադրությունը։ Խորհուրդ են տալիս նաև հանգիստ չզբոսնել փողոցում, ականջակալներով երաժշտություն չլսել և չափազանց զգոն լինել։
Բացի այդ, կազմակերպությունը խորհուրդ է տալիս զգույշ լինել բանկոմատներից օգտվելից, չօգտվել դրանցից օդանավակայաններում` բանկային քարտերի հետ կապված մեքենայությունների զոհ չդառնալու համար, առաջարկում է փողոց դուրս գալիս չվերցնել վարկային քարտեր և մեծ քանակությամբ կանխիկ գումար, այն պետք է բավարար լինի գնացքի տոմսի համար վճարելու կամ կողոպտչից ազատվելու համար։ Դրամապանկը պետք է պահել հյուրանոցի գանձարկղում։
Լրագրողներին խորհուրդ են տալիս փողոց դուրս գալիս չվերցնել անձնագիր, այլ հնարավորության դեպքում օգտվել պատճենից և լրագրողական հավատարմագրման թղթից։ Գիշերը հարկավոր է զգոն լինել և չչարաշահել ալկոհոլը, զբոսնել մեծ փողոցներով և չմտնել «վտանգավոր հետնախորշեր»։
AIPS–ին նաև կոչ է անում զգուշանալ գրպանահատներից ամբոխի մեջ և հասարակական տրանսպորտում, հնարավորության դեպքում օգտվել տաքսիներից, անծանոթ մարդկանց առաջ չբացել հյուրանոցի դուռը, մութ ժամերին չզբոսնել այգիներում և լողափերում, զգուշորեն օգտվել Wi-Fi ցանցից` ինտերնետային մեքենայություններից խուսափելու համար, չթողնել հեռախոսներն ու համակարգիչները տաքսիներում և զգոն լինել անգամ մարզադաշտում` կողոպուտից խուսափելու համար, քանի որ հանցագործները կարող են հավատարմագրեր ունենալ։
Բացի այդ, հուշաթերթիկում նշվում է, որ Բրազիլիայում հիմա ձմեռ է, հասարակածին մոտ գտնվելու պատճառով մութը շատ շուտ և արագ է ընկնում։ Լրագրողներին կոչ են անում փողոց դուրս գալիս տաք հագուստ վերցնել։–0–