ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստական չափազանց մեծ ծախսերի դեմ բողոքներ են կրկին սկսվել Բրազիլիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով մեքսիկական Vanguardia պարբերականին։
Աշխարհի առաջնությունը կանցնի հունիսի 12–ից հուլիսի 13–ը Բրազիլիայի 12 քաղաքներում` Ռիո դը Ժանեյրո, Ռեսիֆի, Սալվադոր, Սան Պաուլու, Պորտու–Ալեգրի, Մանաուս, Ֆորտալեզ, Նատալ, Բելու Օրիզոնտի, Բրազիլիա, Կույաբ, Կուրիտիբ։ 2013 թվականի ամռանից ամբողջ երկրում բողոքի ակցիաներ են անցկացվում պետության կողմից սոցիալական կարիքների և տրանսպորտի զարգացմանը տրամադրվող միջոցների կրճատման պատճառով` կապված աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու հետ։
Ռիո դը Ժանեյրոյում ներկայում փակ են բազմաթիվ կենտրոնական փողոցներ, որտեղ դուրս են եկել ցուցարարները։ Ակցիաներն անցկացվում են նաև Սան Պաուլուում և այլ քաղաքներում, որտեղ մի քանի շաբաթից մեկնարկում է համաշխարհային ֆուտբոլային առաջնությունը։
Բրազիլիայի հասարակական շարժումների նախաձեռնությամբ մայիսի 15–ը հայտարարվել է «Աշխարհի առաջնության դեմ պայքարի միջազգային օր»։ Հասարակական կարծիքի հարցումների տվյալներով` բրազիլացիների մոտ 45 տոկոսը դեմ է իրենց երկրում առաջնության անցկացմանը։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է վերջին շաբաթներին նախագահ Դիլմա Ռուսեֆի վարկանիշների նվազմանը` մոտ 7 տոկոսով։ -0-