ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մտադիր է երկու մենամարտ անցկացնել մինչև տարեվերջ։ Այդ մասին հայտնեց բռնցքամարտիկը հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում։
«Ես պետք է գոնե մեկ մենամարտ անցկացնեմ, բայց ծրագրում եմ երկուսը` այս տարվա օգոստոսին և դեկտեմբերին։ Բայց ամեն ինչ ցույց կտա ժամանակը, այդ հարցերով զբաղվում է իմ մենեջերը»,– ասաց Աբրահամը։
Նա չնշեց հնարավոր հակառակորդների անունները` ասելով, որ այդ հարցը լուծում է իր մենեջերը։ Իսկ այժմ, ըստ նրա, ինքը ժամանել է Հայաստան մի փոքր հանգստանալու մարզումներից, սակայն երկար ժամանակ հայրենիքում մնալ չի կարող, քանի որ շուտով պետք է վերադառնա մարզումների` լավ մարզավիճակում մնալու համար։
«Երկար չեմ կարող հանգստանալ, քանի որ դրանից հետո դժվար է ճիշտ վիճակի վերադառնալ, այդ պատճառով մի քանի օր կմնամ այստեղ և կվերադառնամ մարզումների»,– ասաց նա։
Աբրահամը վերլուծեց վերջին երկու մենամարտերը և ասաց, որ առավել կարևոր իր համար դարձավ մարտի մեկին Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած ռևանշը։ «Այդ մարտն ու այդ հաղթանակը չափազանց կարևոր էին ինձ համար, չէ՞ որ մեկ անգամ Շտիգլիցին հաջողվեց հաղթել, և ինձ համար կարևոր էր ռևանշ վերցնել։ Բայց յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է ինձ համար և իր տեղն ունի»,– ասաց մարզիկը։
Խոսելով իր վերջին հակառակորդ չեռնոգորցի Նիկոլա Սյեկլոչի մասին` Աբրահամը նշեց, որ նա շատ ուժեղ մրցակից էր` ֆիզիկապես ուժեղ շատ ծանր հարվածներով, այդ պատճառով հաղթանակի համար ստիպված էր Հայաստանում սովորած խորամանկ հնարքները կիրառել։
Բացի այդ, նա հայտնեց, որ ստիպված էր մարտը վարել և հարվածներ կատարել ձախ ձեռքով` ավելի վաղ ստացած վնասվածքի պատճառով։ Ավելին, բռնցքամարտիկի աջ ձեռքը մինչ օրս պետք է գիպսի մեջ լիներ, բայց հայ երկրպագուների առջև նա որոշեց հանդես գալ առանց դրա, թեև դա որոշակի անհանգստություն առաջացրեց նրա մարզչի մոտ, ով մշտապես հետաքրքրվում է իր սանի ձեռքի վիճակով։
Բայց Աբրահամը խոստովանեց, որ մենամարտի ժամանակ անհարմարություն չի զգացել, քանի որ հասցրել է բավականաչափ մարզել ձախ ձեռքի հարվածները` մարտը «չաշխատող» ձեռքով անցկացնելու համար։
Աբրահամի և Շտիգլիցի` թվով երրորդ մենամարտը կայացել է մարտի 1–ին գերմանական Մագդեբուրգում։
Բռնցքամարտիկների առաջին հանդիպումն անցել էր 2012 թվականի օգոստոսին և ավարտվել Աբրահամի հաղթանակով։ 2013 թվականի մարտի 23–ին Աբրահամը չկարողացավ պաշտպանել WBO վարկածով երկրորդ թեթև քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ ռևանշ–մենամարտում` վնասվածքի պատճառով։ Երկրորդ ռաունդում Աբրահամը վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջությամբ փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշում կայացրեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոկաուտով հաղթանակ շնորհելով Շտիգլիցին։
Չեմպիոնի տիտղոսը Նիկոլա Սյեկլոչեի հետ Աբրահամը պաշտպանեց մայիսի երեքին։
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսն է կրել IBF վարկածով միջին քաշում 2005-2009 թվականներին։ 2012 թվականին ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ ըստ "Boxsport" ամսագրի։ -0-