ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի «Փյունիկը» յոթերորդ անգամ նվաճել է Հայաստանի ֆուտբոլի գավաթը` չորեքշաբթի տեղի ունեցած եզրափակչում պարտության մատնելով Կապանի «Գանձասարին»։
Հանդիպումը տեղի է ունեցել Երևանի Հանրապետական մարզադաշտում
Առաջին խաղակեսում մրցավարի ավելացրած ժամանակում հաշիվը բացել է «Փյունիկի» և Հայաստանի հավաքական պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Խաղի 60–րդ րոպեին «Փյունիկի» հարձակվող Սարգիս Բալոյանը կրկնապատկել է հաշիվը։ Երկու րոպե անց «Գանձասարի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը գոլի հեղինակ է դարձել։
«Փյունիկը» հայկական ամենատիտղոսավոր ակումբներից է։ Նա 13 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և 8 անգամ նվաճել է երկրի սուպերգավաթը։
«Գանձասարի» նվաճումներն ավելի համեստ են։ Ակումբը Հայաստանի առաջնության եռակի բրոնզե չեմպիոն է։–0–