ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի սպորտի և երիտասարդության գործերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը գովել է հայ ծանրամարտիկներին ապրիլի 3-13–ը Թել Ավիվում (Իսրայել) Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ունեցած ելույթի համար։
Եվրոպական առաջնությունում Հայաստանը ներկայացրել են յոթ տղամարդ և երեք կին ծանրորդներ։ 69 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Վանիկ Ավետիսյանը նվաճել է մեկ արծաթե մեդալ` երկամարտում հավաքելով 315 կգ (140 պոկում և 175 հրում), ևս մեկ արծաթ Հայաստանին բերեց գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը` երկամարտում հավաքելով 436 կգ (190+246)։Առաջնության բրոնզե մեդալը նվաճել է Սմբատ Մարգարյանը (56 կգ.)` 255 կգ արդյունքով (109+146)։
Կին ծանրորդների շրջանում լավագույն` հինգերորդ տեղը ցուցադրեց վերջերս մեծ սպորտ վերադարձած Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ)։
Ընդհանուր թիմային ստուգարքում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 4–րդ տեղը 31 երկրների թվում, իսկ կանանց հավաքականը` 12–րդ տեղը։
«Ծանրամարտիկներն առաջնությունում իմ սպասածից ավելի լավ ելույթ ունեցան։ Կարելի է ասել, որ մեզ համար ավանդական մարզաձևը զարգանում է։ Եթե այսպես շարունակվի, ապա մենք կկարողանանք լուրջ արդյունքների հասնել»,– ասաց Վարդանյանը ծանրորդների և նրանց մարզիչների հետ հանդիպմանը։
Օլիմպիական չեմպիոն և ծանրամարտի աշխարհի 43–ակի ռեկորդակիր Վարդանյանը նաև կոչ արեց մարզիկներին բարելավել արդյունքներն առաջիկա աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի աշնանն Ալմաթիում։ -0-