ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կատալոնիայի «Բարսելոնա» ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն այս խաղաշրջանի ավարտից հետո կլքի ակումբի մարզչի պաշտոնը, հայտնում է «Չեմպիոնատը»` հղում անելով իսպանական ԶԼՄ–ներին։
Ակումբում ունեցած աղբյուրները նշում են, որ Մարտինոն ինքն է ընդունել այդ որոշումը, իսկ ակումբի ղեկավարությունը չի առարկի։ Երկու կողմերի դիրքորոշումը հաստատվել է «Բարսելոնայի»` ազգային առաջնության 33–րդ փուլում «Գրանադայի» հետ արտագնա խաղում կրած պարտությունից հետո։ Մարզիչն իրեն հարմարավետ չի զգում իսպանական ակումբում, իսկ ակումբի ղեկավարությունը կարծում է, որ նա ընդունակ չէ լուծել թիմի առջև կանգնած խնդիրները։
Ասվում է նաև, որ Մարտինոյի հաջորդը կարող է դառնալ Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը, ում հետ կատալոնացիները կփորձեն պայմանավորվել։ -0-