ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը հույս է հայտնել, որ հրատեխնիկան այլևս չի օգտագործվի երկրպագուների կողմից մարզադաշտերում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Եվրոպական ակումբները տուգանվում են ՈւԵՖԱ–ի կողմից խաղերի ժամանակ հրատեխնիկայի օգտագործման համար։
«Մեզ պետք չեն կրակ և ճայթռուկներ տրիբունաներում», – ընդգծել է Բլատերը, ում խոսքերը մեջբերում է Ռոյթեր գործակալությունը։ «Մենք զգուշացնում ենք փոքրիկ երեխաներին հրդեհի առաջացման վտանգի մասին, սակայն մեծահասակները, այսպես կոչված, ֆուտբոլային երկրպագուները, ճայթռուկներ են վառում և նետում են ծխի գլանակներ, որոնք տաքանում են մինչև 1000 աստիճան։ Ի՞նչ իմաստ ունի պատվել մառախուղով և այլ մարդկանց վտանգել։ Երբ նման իրավիճակներ են ծագում, ես միշտ զարմանում եմ։ Հրկիզողները չպետք է քանդեն ֆուտբոլը»։
Բլատերը, ով դեմ է կանգնելու տեղեր ունեցող տրիբունաներին, ավելացրել է, որ հրատեխնիկայի կիրառման ռիսկը թույլ չի տալիս երեխաներին դիտել ֆուտբոլը մարզադաշտում։ ՖԻՖԱ–ի ղեկավարը նշել է, որ հաճախ ակումբները գիտեն բացասական երևույթների աղբյուրի մասին, սակայն վախենում են գործել։
«Հաճախ հաճախորդ կորցնելու ռիսկն ավելի մեծ նշանակություն ունի, քան խախտողների դեմ պայքարելու ցանկությունը։ Պետք է աշխատանք տարվի իրական երկրպագուների հետ` խնդիրներ ստեղծողներին գաղտնի պահելու փոխարեն», – հայտարարել է Բլատերը։–0–