ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերականգնվում էր ծնկի վիրահատությունից հետո, կսկսի նախասեզոնային հավաքի մարզումները Իսպանիայում հունվարի 15–ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ակումբի ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչ Էդու Դոմինգեսին։
Մովսիսյանը խորացրեց աջ ծնկի վնասվածքը նոյեմբերի 10–ին պրեմիեր–լիգայի շրջանակներում կայացած Պետերբուրգի «Զենիթ» ակումբի հետ խաղի ժամանակ (4։2), որի ընթացքում դարձավ հեթ–թրիքի հեղինակ։ Նոյեմբերի վերջին հարձակվողը, որն այս առաջնությունում դարձել է 12 գոլի հեղինակ, Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում ծնկի վիրահատության ենթարկվեց։
«Հավաքին արդեն մասնակցում են չորս սպարտակցիներ` վնասվածքներից հետո վերականգնվող Սալվատորե Բոկետին, Ռոմուլոն և Սերդար Տասկին, ինչպես նաև Սերգեյ Բրիզգալովը, ով ամբողջովին պատրաստ է մարզումներին ընդհանուր խմբում և ժամանել է Իսպանիա` լրացուցիչ ֆիզիկական մարզումներ անցկացնելու համար ձմեռային հավաքներին մասնակցելու նպատակով։ Հունվարի 15–ին նրանց կմիանա նաև Յուրա Մովսիսյանը։ Վիրահատությունից հետո գտնվելով ԱՄՆ–ում` նա արդեն նախնական աշխատանք է իրականացրել ֆիզիոթերապևտների հետ և պատրաստ է ավելի ինտենսիվ պարապմունքների», – ասել է Դոմինգեսը, ում խոսքերը մեջբերում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը։
Դոմինգեսը կարծում է, որ Մովսիսյանն ու Ռոմուլոն հնարավորություն ունեն աշխատանք սկսել Աբու Դաբիում ընդհանուր խմբում «Սպարտակի» առաջին հավաքի ժամանակ, իսկ Բոկետին մասամբ ի վիճակի կլինի աշխատել թիմի հետ, իսկ մասամբ էլ` անհատական ծրագրով։
Հինգ սպարտակցիներ Իսպանիայում կմնան մինչև հունվարի 24–ը, ինչից հետո կմեկնեն ԱՄԷ` մասնակցելու թիմի ընդհանուր հավաքին։–0–