Հինգ հայ մարզիկներ արդեն ձեռք են բերել Լոնդոնում 2012թ.-ին կայանալիք Ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրերը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդել են հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) մամուլի ծառայությունից:
Ամառային Օլիմպիադա-2012-ը կանցկացվի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
«Այսօրվա դրությամբ Հայաստանը կներկայացնեն Նորայր Բախտամյանը (հրաձգություն), Անդրանիկ Հակոբյանը (բռնցքամարտ), Արսեն Ջուլֆալակյանը (հունահռոմեական ըմբշամարտ), Միհրան Ջաբուրյանը (ազատ ըմբշամարտ), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն)», տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ այդ մարզիկներն Օլիմպիադայի մեկնելու իրավունքը ձեռք են բերել մի շարք միջազգային վարկանիշային մրցախաղերի և համաշխարհային առաջնությունների հաջող մասնակցության շնորհիվ:
Ըստ նրա, ընդհանուր առմամբ լոնդոնյան Օլիմպիադայում հայկական պատվիրակության մեջ կընդգրկվի 11 մարդ՝ ևս չորս մարզիկ և երկու մարզուհի, սակայն նրանց թեկնածությունը տվյալ պահին հայտնի չէ:
«Ամառային Օլիմպիադայի մասնակցության ընտրությունը դեռ ընթացքի մեջ է, և պատվիրակության մեջ կընդգրկվեն այն մարզիկները, ովքեր վնասվածքներ չունեն, գերազանց մարզական վիճակում են գտնվում և բարձր արդյունքներ են ցուցադրել»,- պարզաբանել է ԱՕԿ-ի մամուլի ծառայության աշխատակցուհին: -0