Վիկ Դարչինյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

16.01.2012, 10:56
Վիկ Դարչինյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար
Վիկ Դարչինյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Քաշային երկու կարգերում աշխարհի նախկին չեմպիոն և աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն ապրիլի 1-ին Տոկիոյում ուժերը կչափի գերթեթև քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Շինսուկե Յամանակայի հետ (15-0, 11 КО), հաղորդում է pro-box.ru կայքը:

29-ամյա ճապոնացին ձախլիկ է, բոլոր մենամարտերն անցկացրել է սեփական հարկի տակ և նվաճել է թափուր տիտղոսը մեքսիկացի բռնցքամարտիկ Քրիստիան Էսկիվելի հետ մենամարտում:

36-ամյա Դարչինյանը ևս ձախլիկ է, այս քաշային կարգում տիտղոսի համար մենամարտել է երեք անգամ, Ջոզեֆ Ակբեկոյի, Աբներ Մարեսի և Անսելմո Մորենոյի դեմ մենամարտերում միավորների տարբերությամբ պարտություն է կրել, նշում է պարբերականը:

Հայաստանում ծնված և Ավստրալիայում բնակվող ու մարզվող բռնցքամարտիկը նվաճել է չեմպիոնի տիտղոսը երկու ավելի թեթև կատեգորիաներում:

«Վիկը շատ էր ցանկանում ևս մեկ մենամարտ անցկացնել տիտղոսի համար», - նշել է Դարչինյանի փրոմոութեր Հերի Շոուն: «Այնպես որ մենք համաձայնեցինք մենամարտել ավելի քիչ գումարի դիմաց, քան կարող էինք»:

«Նա համոզված է, որ կարող է հետագայում ևս հաղթանակ տանել: Նա այստեղ այնպիսի հաջողությունների չի հասել, ինչպես մյուս կատեգորիաներում, սակայն մենամարտել է լավագույններից լավագույնների հետ: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Մարեսին նա պարտության է մատնել, և շատերն են այդպես մտածում», - մեջբերում է Շոուի խոսքերը ESPN.com կայքը:-0-