Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ժամանակ, որն առաջիկա տարվա ամռանը կանցկացվի Ուկրաինայում և Լեհաստանում, անվտանգությունն ապահովելու համար մասնակից երկրներից մրցաշարին կժամանեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները, հաղորդում է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով լեհական ԶԼՄ-ներին:
Եվրո-2012-ը կանցկացվի հունիսի 8-ից մինչև հուլիսի 1-ը, մրցումներին կմասնակցեն մայրցամաքի 16 լավագույն հավաքականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եթե կողմնակիցների խումբը մեծ լինի, ոստիկաններն ավելի շատ կլինեն: Որպես կանոն՝ մեկ երկրի համար շուրջ 20-30 հոգի: Բայց այնպիսի թիմերի երկրպագուներին, ինչպիսիք են՝ Հոլանդիան, Անգլիան, առավել շատ իրավապահ մարմիններ են ուղեկցում»,- պատմել է Լեհաստանի ոստիկանության պետ, գեներալ Անջեյ Մատեյուկը:
Ըստ նրա՝ իրավակարգի պահակախումբը «կօգնի երկրպագուներին և միաժամանակ կվերահսկի իրավիճակը»: «Կձերբակալեն այն անձանց, ովքեր կարող են մյուսների անվտանգությանը սպառնալ»,- ավելացրել է Մատեյուկը:
Ոստիկանության պետն ավելացրել է, որ մրցաշարի ընթացքում լեհ և արտասահմանցի սպաները համատեղ պահակախումբ են ստեղծելու: --0--