Նվաճած մեդալների առումով ընթացիկ տարին աննախադեպ էր հայկական բազկամարտի համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց 2011թ.-ի բազկամարտի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը:
«Թուրքիայում կայացած Եվրոպայի առաջնության, Աշխարհի գավաթի և Ղազախստանում կայացած աշխարհի առաջնության հաջող ելույթների արդյունքում մենք նվաճեցինք 2 բրոնզե, 3 արծաթե և 4 ոսկե մեդալ: Նման ձեռքբերումներ մենք երբեք չենք ունեցել, և այդ տեսանկյունից 2011թ.-ն աննախադեպ դարձավ»,- հայտնեց նա:
Երկու հայ բազկամարտիկներ Վրեժ Սարգսյանը և Աշոտ Ադամյանը մասնակցեցին դեկտեմբերի 4-ին ավարտված Ղազախստանի աշխարհի առաջնությանը:
«Մեր երկրի կողմից մասնակիցների նման քիչ քանակի գլխավոր պատճառ էր դարձել (մի շարք վնասվածքները ներառյալ) ֆինանսավորման պակասը: Ըստ որոշ նորմերի, ընդունող կողմը՝ կազմակերպիչն իր վրա է վերցնում մրցակցության անցկացման ծախսերը, բայց, օրինակ՝ մեր մարզիկ Աշոտ Ադամյանն ինքն է վճարել ճանապարհածախսը»,- ասաց Մնացականյանը՝ նշելով, որ ֆինանսավորման պակասը չի խանգարել երկու հայ մարզիկներին իրենց քաշային կարգերում և տարիքային կատեգորիաներում ոսկե մեդալներ նվաճել:
2011թ.-ի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 4-ը Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող բազկամարտի աշխարհի 33-րդ առաջնության շրջանակներում 75 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Վրեժ Սարգսյանը, ով եզրափակիչ փուլում հաղթեց իր ղազախ մրցակցին: 18 տարեկան մարզիկների շրջանում աշխարհի չեմպիոն ճանաչվեց Աշոտ Ադամյանը, ով առանց որևէ պարտության հասավ մրցախաղի եզրափակիչ և այդ փուլում հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին:
Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ 2012թ.-ին հայ բազկամարտիկները նախատեսում են շարունակել իրենց հաջող ելույթները Եվրոպայի առաջնության շրջանակներում, որը մայիսին կանցկացվի լեհական Գդանսկ քաղաքում և Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի նոյեմբերին: -0-