Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն վեց ծանրորդներ
Լոնդոնում հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը կայանալիք Օլիմպիական ամառային խաղերին Հայաստանը կներկայացնեն վեց ծանրորդներ, հինգշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար Սամվել Խաչատրյանը:
«Օլիմպիական խաղերից առաջ անցկացված վարկանիշային մրցախաղերի արդյունքներով՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կարող է Լոնդոն ուղարկել երկու մարզիկի և երկու մարզուհու»,- ասաց Խաչատրյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Ֆեդերացիան պարտավոր չէ Լոնդոն ուղարկել հատկապես այն մարզիկներին, ովքեր այդ մրցախաղերի ընթացքում Օլիմպիադայի ուղեգիր են նվաճել: «Մենք ունենք առաջին համարներ, որոնք էլ ներկայացնելու են Հայաստանը»,- ասաց նա:
Խաչատրյանն ավելացրեց, որ առաջատար հայ ծանրորդները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 6-15-ն Անթալիայում (Թուրքիա), քանի որ ֆիզիկապես չեն հասցնի հանգստանալ և պատրաստվել Օլիմպիական խաղերին:
Այսպիսով, Ֆեդերացիայի նախնական որոշմամբ, Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արա Խաչատրյանն ու Արայիկ Միրզոյանը, ովքեր հավանաբար Լոնդոնում կներկայացնեն Հայաստանը, չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հարցականի տակ է մնում նաև Առաքել Միրզոյանի և Աղասի Աղասյանի մասնակցությունը եվրոպական առաջնությանը:
Խաչատրյանն ընդգծեց, որ Խաղերի նախաշեմին Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչների կազմում ոչ մի փոփոխություն չի լինի: «Վստահ եմ, որ այդ Օլիմպիական խաղերի ընթացքում մենք ավելի լավ արդյունք կցուցադրենք, քան 2008թ.-ին: Մենք պատվով և հաղթանակով կվերադառնանք Լոնդոնից»,- հայտնեց նա:
Ըստ Խաչատրյանի կանխատեսումների, Հայաստանն ընդհանուր առմամբ Լոնդոնյան Օլիմպիադայի ավելի քան 20 ուղեգիր կստանա՝ չհաշված «wild card»-ը: -0