ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շախմատի Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանը, ով առաջիկայում պետք է գլխավորի տղամարդկանց թիմը, ունի բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի ռուսներին վերադարձնի երբեմնի փառքը, «Р-Սպորտ» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի շախմատային հավաքականների գլխավոր մարզիչ Եվգենի Բարեևը:
Ռուսական շախմատային ֆեդերացիայի (ՌՇՖ) կառավարման նախագահ Իլյա Լևիտովը երեքշաբթի «Р-Սպորտ»-ին հայտնել է, որ Դոխոյանը «99 տոկոսով կգլխավորի տղամարդկանց հավաքականը»: Ռուսաստանի կանանց հավաքականը Դոխոյանի ղեկավարությամբ նոյեմբերին խոշոր տարբերությամբ հաղթանակ է տարել Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, այն դեպքում, երբ տղամարդիկ, ովքեր նախամեկնարկային ամենաբարձր վարկանիշն ունեին, զբաղեցրեցին հինգրերորդ տեղը: Իսկ հուլիսին տղամարդկանց թիմը ձախողվեց Չինաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ՝ մրցաշարն ավարտելով չորրորդ տեղում:
«Յուրի Դոխոյանը բոլոր անհրաժեշտ տվյալներն ունի, որպեսզի բարձր կարգի խաղացողներից թիմ ստեղծի, որն արդեն առաջիկայում ունակ կլինի վերադառնալ շախմատային գագաթ»,- հեռախոսով ասել է Բարեևը: -Եվ ես՝ որպես Ռուսաստանի բոլոր շախմատային հավաքականների գլխավոր մարզիչ, վստահ եմ, որ նա ունակ է դրան: Մասնագետը, ով ավելի վաղ աշխատում էր Գարի Կասպարովի հետ, իսկ վերջին շրջանում կանանց թիմին ամենախոշոր մրցաշարերում հաղթանակներ էր բերում, շատ բաների է ընդունակ»:
Միաժամանակ Բարեևն ընդգծել է, որ «Յուրիին թիմ կառուցելու ուղղությամբ դժվար ճանապարհ է սպասվում»:
«Կընդունե՞ն նրան տիտղոսակիր շախմատիստները: Չգիտեմ, բայց նա, ով չի ընդունի, ակնհայտորեն մեծ հաճույքով կխաղա անհատական մրցաշարերում: Մեզ մոտ երկրում բավական ուժեղ շախմատիստներ կան, ովքեր կմոռանան անձնական հավակնությունների մասին և հանդես կգան Ռուսաստանի թիմի կազմում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը:
Խոսելով կանանց թիմի ապագա մարզչի մասին՝ Բարեևը նշել է. «Ես նրան (Դոխոյանին) խնդրեցի ցանկություն հայտնել ապագա մասնագետի վերաբերյալ, ով կկարողանա պահպանել ինչպես թիմի անընդհատությունը, այնպես էլ կոլեկտիվի մթնոլորտը»: -0-