Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը արծաթ է նվաճել Թուրքիայում կայացած Համաշխարհային օլիմպիադայում

31.10.2011, 17:58

Թուրքիայի Իզմիթ քաղաքում Հայաստանի հավաքականը մինչև 16 տարեկան պատանիների շրջանում Շախմատի համաշխարհային օլիմպիադայի արծաթե մրցանակակիր է դարձել, հաղորդում է armchess.am կայքը:

Վերջին՝ տասներորդ տուրում, հայ շախմատիստները 3,5:0,5 հաշվով հաղթել են  Ղրղըզստանի թիմին և 28,5 միավոր արդյունքով զբաղեցրել են մրցաշարի երկրորդ տեղը՝ ընդամենը կես միավորով զիջելով հաղթող ճանաչված Ռուսաստանի հավաքականին:
Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր են դարձել Իրանի շախմատիստները, ովքեր իրենց հաշվում 27,5 միավոր ունեն:

Հայկական թիմի կազմում ընդգրկված էին մարզիչ Արսեն Եղիազարյանի սաները՝ միջազգային վարպետ Կարեն. Գ. Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, Արման Միքայելյանը, Զոհրակ Ապրեսյանը:
Հոկտեմբերի 23-ին սկսված մինչև 16 տարեկան պատանիների շրջանում շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական փակումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ի երեկոյան:

Հայաստանի հավաքականը մինչև 16 տարեկան պատանիների շրջանում համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող է՝ 1998 և 2010 թվականներին: -0-