Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չորս պաշտոնական ընկերական հանդիպումներ կանցկացնի մինչև ԱԱ-2014 ընտրական փուլի սկիզբը, երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Ֆուտբոլի Հայատանի հավաքականն ընդգրկվել է 2014թ.-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ուժեղագույն խմբերից մեկում: Վիճակահանության արդյունքներով, B խմբում Հայաստանի հակառակորդներ են դարձել Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականները:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ որոշում է ընկերական հանդիպումների հակառակորդներին, բայց արդեն պարզ են բոլոր խաղերի անցկացման օրերը»,- ասաց Մինասյանը:
Առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 8-ին կամ 9-ին, երկրորդը՝ օգոստոսին:
«Մնացած երկու հանդիպումները մենք հավանաբար կխաղանք մայիսին, քանի որ Եվրո-2012 նախաշեմին ազատ պատուհան կա, և թիմերն ընկերական հանդիպումներ են անցկացնում, և մենք կփորձենք այդ օրերը մեր օգտին օգտագործել»,- ասաց Մինասյանը: -0-