ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը երկուշաբթի լրագրողներին հայտնեց, որ ծրագրում է այս ձմռանն ամուսնանալ:
«Իմ հարսանիքը տեղի կունենա մոտավորապես այս տարվա վերջին մյուս տարվա սկզբին»,- ասաց Ավդալյանը՝ նշելով, որ հրավիրվածների թվում հյուրեր կլինեն նաև արտերկրից:
Ըստ Ավդալյանի, նրա ընտրյալը նույնպես զբաղվել է ծանրամարտով, բայց այժմ սովորում է իրավաբանական ֆակուլտետում:
Ըստ մարզուհու, ամուսնությունը չի ազդի մարզական կարիերայի վրա, քանի որ ապագա ամուսինը դեմ չէ իր ելույթներին:
Ավդալյանը նույնպես սովորում է Վանաձոր քաղաքի հայկական բուհերից մեկի մասնաճյուղի իրավաբանության բաժնում:
ՃՏՊ-ի հետևանքով տուժած՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ծրագրում է մեծ սպորտ վերադառնալ երկու տարուց:
Այժմ մարզուհին վերականգնման փուլում է և ծրագրում է մեկ տարուց սկսել մարզումները:
Ավդալյանը (69 կգ քաշային կարգ) Եվրոպայի 2008 թ.-ի չեմպիոն է, Եվրոպայի 2009 թ.-ի առաջնության արծաթե մեդալակիր: Աշխարհի առաջնությունից հետո նա վնասվածքի պատճառով բաց է թողել մի քանի մրցաշար, իսկ արդեն 2011 թ.-ին մասնակցել է Հայաստանի առաջնությանն ու նվաճել է չեմպիոնի տիտղոսը: -0-