Միլանի «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե իր ակումբը ծրագրում է վարձակալել Մախաչկալայի «Անժի» ակումբի հարձակվող Սամուել Էտո'Օ-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իտալական թիմի պաշտոնական մեկնաբանությանը:
Հինգշաբթի իտալական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Ինտերը» ցանկանում է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ընդմիջման ժամանակ «Անժի» ակումբից վարձակալել իր նախկին հարձակվողին: Ավելի ուշ Մախաչկալայի թիմի գլխավոր տնօրեն Գերման Չիստյակովը հայտարարել էր, որ ակումբը ոչ մի պայմաններով չի տա կամերունցի հարձակվողին:
«Մինչ օրս ես գործուղման մեջ էի և ոչինչ չգիտեմ Էտո'Օ-ի հետ կապված պատմության մասին: Թերթեր եմ կարդացել և տեսել եմ ռուսական հասարակության բավականին ագրեսիվ արձագանքը, սակայն նա պետք է իմանա, որ Էտո'Օ-ի հետ որևէ զրույց կամ հանդիպում չի եղել: Ես երբեք չեմ խոսել նրա հնարավոր վերադարձի մասին», - հայտարարել է Մորատին:
Կամերունցի հարձակվողը Միլանի «Ինտեր» ակումբից տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի» ակումբ 2011 թ.-ի օգոստոսին: Տրանսֆերի գումարը կազմել է 21 մլն եվրո, ըստ Ֆրանս Փրես գործակալության տվյալների՝ ռուսական ակումբում Էտո'Օ-ի աշխատավարձը կազմում է տարեկան 20,5 մլն եվրո:-0-