Հայաստանի հավաքականի հարձակվող Մովսիսյանն ընդգրկվել է Եվրո-2012-ի սիմվոլիկ հավաքականում Bild-ի վարկածով
Bild հայտնի գերմանական ամսագիրը հրատարակել է Եվրո-2012-ի սիմվոլիկ հավաքականի իր տարբերակը, որում ընդգրկվել է հայկական հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Յուրա Մովսիսյանը Եվրո-2012-ի որակավորման ռաունդում 4 գնդակ է ուղարկել դարպաս և գոլային 5 փոխանցում է կատարել:
Սիմվոլիկ հավաքականում ընդգրկվել են՝
Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը, պաշտպանների եռյակն են կազմել հույն Վասիլիս Տորոսիդիսը, ֆրանսիացի Ադիլ Ռամին և իսպանացի Սերխիո Ռամոսը:
Կիսապաշտպաններն են՝ պորտուգալացի Նանին, էստոնացի Կոնստանտին Վասիլևը, գերմանացի Մեսութ Օզիլը և շվեդ Սեբաստյան Լարսոնը:
Պարբերականի վարկածով՝ գրոհայինների տեղերն են զբաղեցրել հայ Յուրա Մովսիսյանը, հոլանդացի Կլաաս Յան Խունթելաարը և գերմանացի Միրոսլավ Կլոզեն:
Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստներն արտագնա խաղում 2:1 հաշվով զիջեցին իռլանդացիներին և զրկվեցին Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու համար պայքարը շարունակելուց:
Խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը դաշտից հեռացրեց հայկական հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, քանի որ նա տուգանային հրապարակի սահմաններից դուրս իբր ձեռքով խաղաց: Սակայն կրկնապատկերի ժամանակ պարզ երևում էր, որ գնդակը դարպասապահի ձեռքին չի դիպել: Ավելին, գրոհի ժամանակ իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը ձեռքով խաղաց: BBC-ին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ գնդակը դիպել է իր ձեռքին և նա Բերեզովսկու կողմից խախտում չի նկատել: -0-