ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ֆուտբոլիստները լավ խաղ են ցույց տվել Դուբլինում, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կրթության ոլորտում նախագահական մրցանակների հանձնման ընթացքում:
Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում նախօրեին կայացած հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստներն արտագնա խաղոմ 2:1 հաշվով զիջեցին իռլանդացիներին և զրկվեցին Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու համար պայքարը շարունակելուց:
Խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը դաշտից հեռացրեց հայկական հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, քանի որ նա տուգանային հրապարակի սահմաններից դուրս իբր ձեռքով խաղաց: Սակայն կրկնապատկերի ժամանակ պարզ երևում էր, որ գնդակը դարպասապահի ձեռքին չի դիպել: Ավելին, գրոհի ժամանակ իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը ձեռքով խաղաց: BBC-ին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ գնդակը դիպել է իր ձեռքին:
«Խաղի արդյունքներից անկախ՝ հայ ժողովուրդը մեծ ոգևորությամբ էր հետևում մեր հավաքականի խաղին: Չեմ ցանկանում մեկնաբանել մեր թիմի պարտության պատճառները, կարող եմ ասել միայն, որ մեր ֆուտբոլիստները ջանք չխնայեցին»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով, հայ ֆուտբոլիստները նախօրեին ողջ աշխարհին պրոֆեսիոնալ ֆուտբոլ ցուցադրեցին:
«Ընդամենը երկու-երեք տարի առաջ ոչ ոք չէր էլ երազում նման արդյունքների մասին, բայց մենք դրան հասանք: Տաշած քարը գետնին չի մնա, իսկ տաշվածքը մեծ ջանք պահանջեց մեզանից»,- ասաց նախագահը:
Նա նշեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեծամասնությունն ընդամենը 20 տարեկան է, և ջանասիրության ու տաղանդի շնորհիվ նրանք կարող են հաջողության հասնել: -0-