Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ հայկական թիմն ի վիճակի է հաղթելու չզիջող իռլանդացիներինԵվրո-2012 առաջնության ընտրական վճռական խաղում:
«Չեմ ասում, թե հարյուր տոկոսով կհաղթենք, բայց այդ ներուժն ունենք: Պատահականորեն կարելի է մեկ հաղթանակ ունենալ, մյուսը: Բայց այս պահին հինգն ունենք: Եվ եթե Դուբլինում հաղթենք, անձամբ ես դա գերձեռքբերում չեմ համարի: Անկասկած, երեքշաբթի ամեն ինչ պետք է միավորվի՝ և հաջողությունը, և այլ ուղեկից գործոններ»,- ասաց Մինասյանը:
Հավաքականի մարզչի խոսքով, հայկական թիմի խաղի որակը թույլ է տալիս հուսալ, որ Հայաստանը լավ հնարավորություններ ունի:
Մինասյանի կարծիքով, իռլանդացիները ոչ-ոքիի հույսով չեն խաղա:
«Պետք է հաշվի առնել նրանց մարտական բնավորությունն ու հոգեկերտվածքը: Անշուշտ, հոգու խորքում նրանք հասկանում են, որ իրենց համար ոչ-ոքին անընդունելի է, և դրա հույսով չեն խաղա: Այլ, օրինակ, ռացիոնալ կգործեն՝ հուսալիորեն պաշտպանվել և հնարավորինս գրոհել»,- ասաց նա:
Ըստ նրա, Տրապատոնին, հավանաբար, կխաղա երկու կիսապաշտպանների հետ, իսկ մեր խնդիրն է՝ դաշտի կենտրոնական գոտում առավելություն ստեղծել: «Պետք է մտածենք, թե ինչպես ենք դրան հասնելու»,- ասաց Մինասյանը «Սպորտ-Էքսպրես»-ին տված հարցազրույցում:
«Երեքշաբթի ամեն ինչ պետք է գերազանց լինի: Մենք չպետք է սպասենք, պատահականություններ «բռնենք», պետք է ինքներս խաղանք: Ի դեպ, մինչ այս պահը մեր խփած բոլոր գոլերը վաստակած են»,- նշեց մարզիչը:
Նա ավելացրեց նաև, որ Հայաստանի հավաքականը կազմի որոշ փոփոխություններ կունենա:
Հայ ֆուտբոլիստներն ուրբաթ օրը տապալեցին մակեդոնացիներին 4:1 հաշվով և խմբից դուրս գալու լավ հնարավորություններ պահպանեցին: Նրանք 17 միավոր հավաքեցին և ունեն դարպաս ուղարկած ու բացթողած գնդակների լավագույն տարբերությունը՝ 21:8: 20 միավոր է հավաքել խմբի առաջատար Ռուսաստանը, և 18 միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Իռլանդիան:
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին արտագնա հանդիպում կունենա իռլանդացիների հետ: Հաղթանակի դեպքում հայ ֆուտբոլիստները կզբաղեցնեն երկրորդ տեղը և դուրս կգան պատասխան հանդիպումների: -0-