Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ձախողում չի համարի Եվրո-2012-ի եզրափակչում հայկական թիմի չհայտնվելը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրերս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական հավաքականն ընդունակ է դուրս գալ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ և ասել է, որ ձախողում կհամարի Եվրոպայի առաջնության եզրափակիչ չանցնելը:
«Ես այդպես չեմ կարծում և դա ձախողում չեմ համարի»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Նրա խոսքով, Մակեդոնիայի հետ խաղին հայ մարզիկները ֆունկցիոնալ առումով լավ վիճակում են:
Մինասյանը գլխավոր խնդիր է համարում Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վալերի Ալեքսանյանի՝ մարզման ժամանակ ստացած վնասվածքը:
«Մենք դեռ մեկ օր ունենք, բայց 90 տոկոսով նա չի կարող խաղալ»,- ասաց թիմի գլխավոր մարզիչը:
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն իրական հնարավորություն ունի դուրս գալ խմբից, դրա համար պետք է միայն հաջող խաղալ Մակեդոնիայի և Իռլանդիայի հետ (հոկտեմբերի 7-ին և 11-ին): Սակայն Մխիթարյանը նախընտրում է չշտապել ենթադրություններ անելով: «Պետք չէ այժմ մտածել Եվրո ընկնելու մասին»,- զգուշացնում է նա:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4:0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա առաջատարը ռուսներն են:
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով:
Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1:0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են ունեցել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7: -0-