Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը UEFA.com-ին տված հարցազրույցում հայտնել է, որ զարմացած չէ Եվրո-2012 ընտրական փուլի իր թիմի հաջողություններով:
«Արդյունքը հանկարծակի և առանց պատճառների չի լինում,- հայտնել է Մխիթարյանը,-մեր թիմում շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր արժանի են մարզիչների վստահությանը, հստակ հասկանում են պահանջները և ամեն ինչ անում են, որպեսզի արդարացնեն այդ վստահությունը: Մեր հավաքականի խաղը կառուցված է մարզիչների և ֆուտբոլիստների միջև ունեցած փոխադարձ վստահության վրա: Բոլորը՝ մարզիչները, խաղացողները, ֆեդերացիայի ղեկավարությունը, թիմի բժիշկները նույն մոտեցումն ունեն: Մենք միասնական, նպատակասլաց և առողջ մեխանիզմ ենք»:
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն իրական հնարավորություն ունի խմբից դուրս գալու՝ պետք է միայն հաջող խաղա Մակեդոնիայի և Իռլանդիայի հետ (հոկտեմբերի 7-ին և 11-ին):
«Այժմ մենք ողջ թիմով պետք է միայն մտածենք Մակեդոնիայի հետ կայանալիք առաջիկա խաղի մասին: Թե ում միավորներն են ավելի շատ, հետո կհաշվենք,- ասում է նա: -Այժմ պետք է կենտրոնանալ այն միակ խաղի վրա, որը մենք պետք է հաղթենք: Դրանից հետո արդեն կմտածենք Իռլանդիայի հետ կայանալիք խաղի մասին»:
Մխիթարյանը կարծում է, որ իր հավաքականից ոչ մի գերբնական բան չի պահանջվում: «Պետք է միայն այն խաղը ցույց տալ, որը մեզ հաջողություն է բերել վերջին ընտրական խաղերի ընթացքում: Հավատ սեփական ուժերի նկատմամբ, լիակատար ինքնանվիրում: Ես միաժամանակ լավ եմ հասկանում իմ բոլոր գործընկերներին և մարզադաշտ եմ դուրս գալու՝ հավատալով հաղթանակին»:
«Մեր առաջնորդը թիմն է: Հենրիխ Մխիթարյանը միայնակ ոչինչ չէր կարողանա անել: Առանց թիմի, առանց իր գործընկերների ես ես չեմ: Միայն իմ կողքին խաղացողների շնորհիվ կարող եմ մարզադաշտում ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ: Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին իրենց ներսում և իմ հանդեպ ունեցած հավատի համար: Բոլորս միասին ձգտում ենք հասնել մեկ նպատակի»,- ասել է Մխիթարյանը: -0-