Ռուսաստանցի բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը արագության և տարատեսակ գրոհող գործողությունների շնորհիվ հաղթել է լեհ Լուկաշ Մաժչուկին աշխարհի առաջնության երկրորդ մենամարտում, «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է բռնցքամարտիկի անձնական մարզիչ Վալերի Էնտալցևը:
Հայրապետյանը հաղթել է 24:7 (8:2, 7:3, 9:2) հաշվով՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ և նվաճելով երկրի համար առաջին 2012 թ.-ի Օլիմպիադայի ուղեգիրը (մինչև 49 կգ քաշային կարգ):
«Դավիթը ռինգում կատարեց այն ամենը, ինչը մենք նախօրեին նախապատրաստել էինք», - հայտարարել է Էնտալցևը: «Նա գերազանցեց մրցակցին առաջին հերթին արագության հաշվին, մշտապես առաջ էր անցնում նրանից և տեսնում էր մրցակցի բոլոր սպառնալիքները: Դավիթն ունի գրոհի բազմազան շարժումներ, որոնք նա հմտորեն կիրառում է, լեհ մարզիկը պարզապես չէր հասցնում պաշտպանվել՝ հաճախ չիմանալով, թե որտեղից պետք է հարված սպասի»:
Բնութագրելով մենամարտի ընթացքը՝ մասնագետը նշել է, - «Դավիթը ընթանում էր հանգիստ տեմպով՝ իր ձեռքում պահելով մենամարտի բոլոր թելերը: Վաղը արդեն հաջորդ մենամարտն է, և հարկավոր է ուժերը խնայել », - հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գնահատելով ապագա մրցակցին՝ իսպանացի Խոսե դե լա Նիևային, ում հետ մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, մասնագետը նշել է, - «Աշխարհի նախորդ առաջնության ժամանակ մենք մենամարտել ենք նրա հետ քառորդ եզրափակչում և հաղթել ենք»:
«Նա ստաժով բռնցքամարտիկ է, սակայն, իմ կարծիքով, անցած երկու տարվա ընթացքում տարատեսակ գործողություններ չի ավելացրել», - նշել է Էնտալցևը: «Իսպանացին վատ չէ հակագրոհի գնում, եթե երկարատև հարված է սպասում, ապա պաշտպանվում է և միանգամից հակագրոհում, այս գործողությունները նրա մոտ հստակ մշակված են»:
Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան հոկտեմբերի 8-ին:-0-