ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին երեքշաբթի խոստովանել է լրագրողներին, որ չի փորձում կանխատեսել 2012 թվականի Եվրոպայի առաջնության ելքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Եվրո-2012-ի խաղերը կանցկացվեն Ուկրաինայի չորս և Լեհաստանի չորս քաղաքներում 2012 թվականի հունիսի 8-ից հուլիսի 1-ը: Ուկրաինայում խաղերը կընդունեն Լվովը, Դոնեցկը, Խարկովը և Կիևը, որի տեսչական ստուգումը երկուշաբթի և երեքշաբթի կատարում է Պլատինին:
«Միակ բանը, որ գիտեմ, սա է` եթե Աստված ինձ հնարավորություն տա ապրելու մինչև այդ պահը, ապա ես կհանձնեմ Գավաթը: Մնացածը չգիտեմ»,- երեքշաբթի Կիևում կայացած ճեպազրույցում հայտնել է Պլատինին` ուկրաինացի լրագրողների հարցին Ուկրաինայի հավաքականի հնարավոր հաղթանակի վերաբերյալ:
«Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսին կարող եմ հաջողություն և հաղթանակ մաղթել: Եթե լեհերն ինձ նույն հարցն ուղղեն, նույն կերպ կպատասխանեմ: Եվ անգլիացիներին, և ֆրանսիացիներին նույնն եմ ասելու»,- հավելել է Պլատինին: -0-