Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ազգային հավաքականի առջև խնդիր է դրել՝ հաղթել Մակեդոնիայի և Իռլանդիայի հավաքականների հետ ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում:
«ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու առաջին օրից ես միշտ ասել եմ, որ մեր խնդիրը մրցախաղերի եզրափակիչ ռաունդներին մասնակցելն է»,- ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայրապետյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Միաժամանակ նա հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականն անհաջող էր հանդես գալիս, ՀՖՖ ղեկավարը բազմաթիվ քննադատությունների թիրախ էր դառնում:
«Եթե ոչ ես, ապա ով պետք է վստահի հավաքականին և հավաքականի առջև մեծ խնդիրներ դնի: Ես մշտապես հաստատել եմ, որ նրանք ուժեղ են: Այժմ կարող եմ հպարտությամբ ասել, որ այժմ մենք թիմ ունենք, որը մարզադաշտ է դուրս գալիս միայն հաղթելու համար»,- նշեց Հայրապետյանը:
«Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո միշտ նշել եմ, որ խնդիր է դրված դուրս գալ եզրափակիչ փուլ: Իմ երազանքն է մեր հավաքականին տեսնել «Եվրո-2012»-ում»,- ասաց Հայրապետյանը:
Ըստ նրա, թիմը մարտական տրամադրվածություն ունի և ամեն ինչ կանի հաջողության համար:
Միաժամանակ Հայրապետյանը նշեց, որ ֆուտբոլն այնպիսի խաղ է, որտեղ հնարավոր է ինչ-որ բան չստացվի, «Բայց դա չի նշանակում, որ հավաքականն ամբողջ ուժով չի խաղալու»,- ընդգծեց նա:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները:
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։
Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։
Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնացիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ -0-