Հայ մարզիկներն արժանապատվորեն են ներկայացրել իրենց երկիրը Չինաստանում կայացած Համաշխարհային 26-րդ ուսանողական խաղերին, երեքշաբթի Չինաստանի Շենժեն քաղաքում ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերին մասնակցող Հայաստանի մարզական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Համաշխարհային ուսանողական խաղերում ծանրամարտիկ Աղասի Աղասյանը նվաճել է ոսկե մեդալ` դառնալով այս խաղերի պատմության մեջ առաջին ոսկեմեդալակիր հայ մարզիկը: Հաջող է հանդես եկել նաեւ շախմատիստ Զավեն Անդրեասյանը` զբաղեցնելով 4-րդ տեղը:
Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, հետագա մարզական հաջողություններ մաղթելով նրանց` Գևորգյանը հույս հայտենց, որ հաջորդ խաղերին Աղասի Աղասյանի նվաճումը կկրկնեն նաև մյուս մասնակիցները, ու մեդալներ կլինեն նաև մյուս մարզաձևերից:
Գևորգյանը եղավ նաև խաղերին մասնակցող պատվիրակություններին հյուրընկալելու համար կառուցված գյուղում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, երեքշաբթի երեկոյան փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերի փակման արարողությանը:
Շենժենից փոխվարչապետը կմեկնի Պեկին, որտեղ նախատեսվում են նրա մի շարք երկկողմ հանդիպումները:
Օգոստոսի 12-ին մեկնարկած խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևում` շախմատ, ծանրամարտ, թեքվանդո, ձյուդո, թենիս:
Հայաստանի ուսանող-մարզիկները խաղերին մասնակցում են արդեն 10-րդ անգամ: Ընդհանուր առմամբ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 14 մեդալ, այդ թվում 3 արծաթ, 11 բրոնզ: -0-