Օգոստոսի 13-ի երեկոյան՝ Համահայկական հինգերորդ խաղերի բացման օրը, տրանսպորտի երթևեկության համար մասամբ փակվելու են Երևանի Հանրապետական մարզադաշտ տանող փողոցները, երեքշաբթի հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։
Համահայկական հինգերորդ խաղերը Հայաստանում կանցկացվեն օգոստոսի 13-21-ը՝ «Միասնություն սպորտի միջոցով» կարգախոսով:
Ըստ նրա, ժամը 17:00-ից սկսած դադարեցվելու է երթևեկությունը մայրաքաղաքի Հանրապետական մարզադաշտ տանող փողոցներում՝ Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկից դեպի Վարդանանց փողոց, Չարենց-Սայաթ Նովա խաչմերուկից դեպի Նար-Դոս, Նար-Դոս-Խորենացի խաչմերուկից դեպի Չարենց, Երվանդ Քոչար-Տիգրան Մեծ խաչմերուկից դեպի Վարդանանց, Խանջյան-Վարդանանց խաչմերուկից դեպի Վարդանանց փողոցները։
Սարգսյանը նաև ավելացրեց, որ նշված տեղամասերում ավտոմեքենաների կայանումը կարգելվի: «Եթե այդ փողոցներում կայանած մեքենաները պետք է հանվեն, հակառակ դեպքում ոստիկանությունը «կդիմի համապատասխան միջոցների», այսինքն՝ կտարհանի սեփական միջոցներով», - ավելացրեց գնդապետը:
Երթևեկությունը դադարեցված կմնա մինչև խաղերի բացման արարողության ավարտը՝ հավանաբար մինչև ժամը 24:00-ն, «որովհետև շքերթներ և այլ միջոցառումներ են տեղի ունենալու, պիտի կայանած մեքենաներ չլինեն»,- նշեց նա։
Մասնակիցների թիվը ռեկորդային կլինի՝ 3 հազար մարզիկ, ովքեր Հայաստան կժամանեն աշխարհի 100 քաղաքներից: Համահայկական խաղերն անցկացվում են 10 մարզաձևով՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, աթլետիկա, մինի-ֆուտբոլ: -0---