ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բոբ Բրեդլիին ազատել են աշխատանքից, հաղորդում է ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բրեդլին գլխավորել է ԱՄՆ –ի հավաքականը 2006 թ.-ից: Նրա գլխավորած թիմը հաղթել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի համար մղվող պայքարում (2007) և երկու անգամ դուրս է եկել տարածաշրջանային առաջնության եզրափակիչ (2009, 2011): ՀԱՀ-ում 2010 թ.-ին կայացած աշխարհի առաջնության ժամանակ Բրեդլիի գլխավորած թիմը դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ ամերիկացիները զիջեցին Գանայի թիմին:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Բոբ Բրեդլիին անցած հինգ տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի և ամերիկյան հավաքականին հավատարիմ լինելու համար: Նրա գլխավորությամբ մեր թիմը կարողացել է բարձր ցուցանիշների հասնել, սակայն այժմ մենք զգացինք, որ եկել է արմատական փոփոխությունների ժամանակը: Միշտ դժվար է նման որոշումներ ընդունել, հատկապես երբ հրաժեշտ ես տալիս Բոբի նման մարդկանց: Մենք նրան հաջողություններ ենք մաղթում հետագա կարիերայում», - նշվում է ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սունիլ Գուլատիի հայտարարության մեջ:
Սպասվում է, որ ուրբաթ կհրապարակվի ԱՄՆ հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:-0-