Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո մտադիր է բռնցքամարտի դպրոց բացել Հայաստանում:
«Ես արդեն խոսել եմ Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետների հետ և հուսով եմ իրականացնել իմ գաղափարը պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո», - ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամը: Միաժամանակ նա չտեղեկացրեց, թե երբ է պատրաստվում հեռանալ ռինգից:
Նա ավելացրեց, որ դպրոցին կից կգործի անգլերենի և գերմաներենի ուսումնական կենտրոն՝ նախատեսված մարզիկների համար:
Նրա խոսքով՝ ուսումնական կենտրոնի բացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մարզիկի համար օտար լեզուների իմացությունը պարտադիր է, եթե նա ցանկանում է հաջողությունների հասնել արտասահմանում:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Նա 2005-2009թթ.-ին միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնն էր:-0-