Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը խոստացել է, որ Եվրոպայի 2012թ.-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի դեմ ռուսաստանցիներն ավելի ակտիվ են գործելու, քան Իրանի հետ հանդիպման ժամանակ, նշվում է Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպանի պաշտոնական կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Չորեքշաբթի Դիկ Ադվոկատի թիմը իրանցիների հետ ընկերական հանդիպման ժամանակ 0:1 հաշվով պարտություն է կրել: Սա երկրորդ խաղն է անընդմեջ, որի ընթացքում ռուսները չեն կարողանում գրավել մրցակցի դարպասը, նոյեմբերին Ռուսաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտություն կրեց բելգիացիների կողմից:
«Ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Հուսով եմ, որ Հայաստանում դուք կտեսնեք մեր հավաքականի մեկ այլ խաղը: Մենք արդեն խոսել ենք այդ մասին հանդիպումից հետո: Երևանում մենք կցուցադրենք ավելի արագ ֆուտբոլ, մենք կխաղանք ագրեսիվ: Շատ ենք ցանկանում դուրս գալ Եվրո-2012 առաջնության եզրափակիչ: Դա մեզ հարկավոր է, դա են ուզում մեր երկրպագուները», - նշել է Արշավինը:
Միաժամանակ ֆուտբոլիստը հավաստիացրել է, որ խաղացողները չէին խնայում իրենց՝ փորձելով խուսափել վնասվածքներից: «Պայքարից և բախումներից ոչ ոք չէր խուսափում: Տղաներից ոչ ոք չի մտածում վնասվածքից խուսափելու մասին: Ընդհակառակը՝ եթե դրա մասին մտածես, այն տեղի կունենա: Մեր թիմում չկան մարդիկ, ովքեր ընդգրկելով ազգային հավաքականում, մտածում են իրենց մասին: Ամեն խաղացող առաջին հերթին մտածում է թիմի մասին: Մենք փորձում ենք հաղթել ամեն հանդիպման ժամանակ: Այսօր մեր խաղը չստացվեց: Հուսով եմ, որ այս պարտությունից հետո կանենք այնպիսի եզրակացություններ, որոնք կօգնեն մեզ պարտության մատնել Հայաստանի հավաքականին», - նշել է «Արսենալ»-ի կիսապաշտպանը:
Նրա խոսքով՝ հավաքականը Իրանի թիմի հետ հանդիպման ժամանակ հարյուրտոկոսանոց պահեր չստեղծեց, այն «պարզապես լավ պահեր ստեղծեց»: «Եթե առաջին խաղակեսի ժամանակ Իրանը գոլ բաց թողներ, ապա խաղն այլ կերպ կդասավորվեր: Երբ դու գոլ ես խփում, հաշվում առաջ ես անցնում, ապա խաղն ավելի թեթև է ընթանում, թիմն ավելի շատ է հավատում իր ուժերին: Մրցակիցը ստիպված է լինում այլ կերպ խաղալ:
Նրանք ստիպված են լինում առաջ ընթանալ՝ նման կերպով գոտիներ բացելով: Երկրորդ գնդակ խփելն ավելի հեշտ է դառնում: Անկեղծ ասած, այժմ ցանկություն չկա վերլուծելու այս խաղը: Մենք հասկանում ենք, որ վատ ենք խաղացել, հասկանում ենք նաև երկրպագուների զգացմունքները, որոնց մենք կրկին տխրեցրինք», - նշել է Արշավինը:
Ռուսաստանի հավաքականը 9 միավորով առաջատարի դիրքում է ընտրական «B» խմբում, Իռլանդիայի, Հայաստանի և Սլովակիայի հավաքականները վաստակել են 7-ական միավոր: Հայաստան-Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին:-0-